13
Հուլ
09

Այս ամիս Հայաստանում հուլիսի թողարկումը նվիրված է շրջակա միջավայրի պաշտպանությանը

JUNE-COVErr1_Layout-1Մեր Այս ամիս Հայաստանում ներդիրի վերջին թողարկումը նվիրված է շրջակա միջավայրի պաշտպանությանը` հունիսի 5-ին բնապահպանության միջազգային օրվան, որում տեղ են գտել հետևյալ հոդվածները`

Ինչպե՞ս են գյուղացիները օգնում գիտնականներին: Կարդացեք, սպիտակ արագիլը:

Խելամիտ էկոտուրիզմ

Հայաստանում աղբի խնդիրը և ինչպե՞ս կարող են հայերը դա կանխել

Ինչու՞ են բնապահպաններին անհանգստացնում ոսկու հանքերը Սևանա լճում և Հրազդանում:  

Այո, ԴԴՏ-ի անօրինական օգտագործումը Հայաստանում: Որտե՞ղ կարելի է գտնել առանց թունաքիմիկատների աճեցրած մթերք Հայաստանում:

Ավելին… Ստորև կարդացեք բնապահպանությանը վերաբերող այլ հոդվածներ:

09
Հուլ
09

Հուլիս 09: Թվում է, թե այս օրերին Երևանում շնչելն ավելի է դժվարացել

Դա ձեզ չի թվում, այլ հենց այդպես է: Հայաստանի գլխավոր ալերգաբան Վարդան Ակունցը նկատել է, որ վերջին տարիներին ալերգիաների թիվն աճել է, իսկ ընթացքը` ավելի բարդացել: Բժշկի դիտարկմամբ` դրա հիմնական պատճառը ավտոմեքենաների արտանետումներն են, որոնց թիվը Երևանի փողոցներում օրեցօր ավելանում է:

 Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության տվյալների համաձայն` Հայաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության 90 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտային միջոցներին `ավտոմեքենաներին, տաքսիներին, երթուղային տաքսիներին և ավտոբուսներին: Իրականում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 99 տոկոսով, ինչպես պնդում է քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

 Մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների արտանետումների 9 տոկոսով կրճատումը քաղաքապետարանում պայմանավորում են 2006-08-ին Երևանում տրանսպորտային նոր հանգույցների` մետրոյի «Բարեկամություն»  կայարանի մոտ էստակադի, Հերացու և Խանջյան փողոցների ստորգետնյա անցումների,  ինչպես նաև 2008-ից իրականացվող ակտիվ կանաչապատմամբ:

 ՀՀ ոստիկանության տվյալներով` 2009 թ. մայիսի վերջին Հայաստանում գրանցված էր 400 հազար տրանսպորտային միջոց:

 Երևանում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի տվյալներով` ներմուծված փոխադրամիջոցների 55 տոկոսը  շահագործվում է Երևանում:

 Իսկ մեքենաների թիվը, 2000 թվականից սկսած, աճում է բավական արագ` վերջին տարիներին արձանագրելով աննախադեպ տեմպեր. այսպես, 2006 թ. Հայաստանում կար 300 000 մեքենա, 2009-ին այդ թիվն արդեն 400 000 է:

 Ավտոմեքենաները հիմնականում արտանետում են ածխածնի մոնօքսիդ, որը դժվարացնում է շնչառությունը: Օդում ածխածնի մոնօքսիդի թույլատրելի քանակությունը 3 միլիգրամն է մեկ խորանարդ մետրում: Երևանում այս տարվա մայիսի տվյալներով առավոտյան  ու երեկոյան պիկ ժամերին այս ցուցանիշը հասել է 2,5 մգ/խորանարդի, որը գրանցել են 2009-ից մայրաքաղաքում տեղադրված օդի աղտոտվածությունը չափող ավտոմատ երկու սարքերը:

 ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Բաղդասար Սենգարյանն ասում է, որ սա կարող է քաղցկեղի պատճառ դառնալ:

 «Սա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, նորմային մոտենալն արդեն իսկ ցավալի է, ու պետք է տագնապ հայտարարվի»,- ասում է նա:

 Սենգերյանը, սակայն, մեղմացնում է առողջապահական մտահոգությունները` հավաստիացնելով, որ ածխածնի մոնօքսիդը, թեթև գազ լինելով, արագ ցնդում է անգամ չնչին քամուց. «Իհարկե, անհարմար է, երբ փողոցում ծուխ է ու տհաճ հոտեր, բայց ածխածնի մոնօքսիդը առողջությանն էական վնաս չի կարող հասցնել»:

 Մինչդեռ բնապահպանական խնդիրներով ակտիվորեն զբաղվող «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հակառակն է պնդում. «Մեքենաներն անմիջապես մեր շնչառության օրգանների մակարդակին են գործում: Ցանկացած դեպքում, եթե դու փողոցով անցնում ես, ու խցանում է կամ մեքենաների կուտակում, կամ եթե ապրում ես բանուկ փողոցների մոտ գտնվող շենքերում, ածխածնի մոնօքսիդն ուղղակիորեն ազդում է օրգանիզմի վրա»:

 Մայրաքաղաքային իշխանությունները պնդում են, որ լուծումը փողոցները հեղեղած մասնավոր երթուղային տաքսիների և միկրոավտոբուսների քանակի նվազեցումն է, թեև այս փոխադրամիջոցների թիվը կրճատելու նրանց ծրագրերը, լավագույն դեպքում, հուսադրող չեն: Փետրվարին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ կնվազեցնի միկրոավտոբուսների քանակը` երկու տարում 3200-ից հասցնելով 650` հիմնականում երթուղայինները փոխարինելով հանրային ավտոբուսներով:

 Սակայն ներկայումս քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հրաժարվում է այդ պնդումից` ասելով, որ իրենք մինչև տարեվերջ կկրճատեն գործող 3200 միկրոավտոբուսների թիվը` հասցնելով ընդամենը 2450-ի:

 «Այսօր արդեն 500 մեքենա է կրճատվել` տեխնիկական պատճառներով: Նախատեսվում է նաև մրցույթների արդյունքում ունենալ գազել մակնիշի նոր մեքենաներ, քանի որ հին մեքենան ավելի շատ գազ է արտանետում, քան նորը: Մրցույթներին, համենայն դեպս, Ռաֆ մակնիշի ոչ մի մեքենա չի մնալու»,- հավաստիացնում է Նավասարդյանը:

 Ըստ Երևան քաղաքի բնապահպանական վարչության տեղեկատվության` քաղաքապետարանը փորձում է իրականացնել օդի որակը բարելավելու ևս մի լուծում` ավելի շատ տարածքներ կանաչապատելով:

 Ըստ բնապահպանության վարչության` 2008-ին մայրաքաղաքում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը 7,2 քմ էր` նախկին 4,9 քմ-ի փոխարեն: Մինչև 2020 թվականը քաղաքապետարանը նախատեսում է այս ցուցանիշը հասցնել մինչև 16 քմ` մեկ շնչին:

 Դանիելյանն այս ցուցանիշներին անվերապահորեն չի վերաբերվում. «Շատ տարածքներ համարվում են կանաչապատ, բայց եթե նայենք` հսկայական տարածք է, ընդամենը 1-2 ծառ: Հիմա միայն հեկտարներով են հաշվում, բայց մենք միշտ ասում ենք, որ պետք է նաև հաշվի առնել, թե որքան կենսազանգված ունի այդ տարածքը, քանի որ կենսազանգվածն է օդը մաքրում է ու թթվածին մատակարարում»:

 Ըստ համաշխարհային բնապահպանական զեկույցի (world ecological report)` միջազգայնորեն ընդունված ամենաբարձր չափանիշներով` մեկ շնչին հասնող կանաչ տարածքը պետք է լինի 24 քմ:

Սառա Խոջոյան

«ԱրմենիաՆաու» ինտերնետային թերթ

07
Հուլ
09

Հուլիս 09: Վտանգ Սևանի գլխին. Ոսկու վերամշակման գործարանի կառուցումը կարող է լրջորեն աղտոտել Սևանը

Սևանի մոտակայքում ոսկու վերամշակման գործարանի կառուցման նախագիծը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել. բնապահպաններն ահազանգում են, որ գործարանը և դրա թունաքիմիկատների պոչամբարը կործանարար կլինեն Սևանա լճի համար, որտեղ կուտակված է Հայաստանի քաղցրահամ ջրի պաշարի մոտ 90 տոկոսը:

 Գործարանի կառուցման նախագիծը ներկայացվել է ռուսական <<Գեոպրոմայնինգ>> ընկերության կողմից, որը հանքեր ունի Հայաստանում և Վրաստանում: Ընկերությունը հնդիկ սեփականատերերից 2007 թ. գնեց <<Արարատի>> ոսկու արդյունահանման ձեռնարկությունը և Սևանից մոտ 10 կմ հեռու Սոթքի ոսկու հանքը: Ընկերությանն է պատկանում նաև Ագարակի պղնձամոլիբդենի արդյունահանման գործարանը:

 <<Գեոպրոմայնինգ>>-ը նախատեսում է գործարանը կառուցել Սոթքի հանքի մոտ, որպեսզի կրճատվեն արդյունահանված ոսկու տեղափոխման ծախսերը, քանի որ այժմ այդտեղից հանքանյութը դեռևս խորհրդային տարիներին կառուցված երկաթգծով տեղափոխվում է 263 կմ հեռու Արարատի ոսկու վերամշակման գործարան: 

 Ռուսական այս նախագիծը դեռ հաստատված չէ բնապահպանության նախարարության կողմից, սակայն Էկոլոգիական հասարակական 42 կազմակերպություններից կազմված դաշինքի <<SOS Սևան>> նախաձեռնող խմբի անդամները մտավախություն են հայտնում, որ տնտեսական շահերը կգերադասվեն բնապահպանական վտանգներից:

 <<Գեոպրոմայնինգ>> ԳՈԼԴ ՍՊԸ խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանը, փորձելով հանդարտեցնել հասարակական բողոքները,  <<Երկիր մեդիա>> հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը ներդնելու է շրջակա միջավայրի համար անվնաս տեխնոլոգիաներ. <<Փոքր վտանգի դեպքում անգամ կհրաժարվենք Սոթքի հանքավայրի շահագործումից ու կդադարեցնենք աշխատանքները>>:

 <<Բնապահպանության նախարարությունը նույնպես փորձում է փարատել մտավախությունները` պարբերաբար հայտարարելով, որ բարձրացված աղմուկն անիմաստ է, քանի որ ՙնախարարությունը դեռևս որևէ պաշտոնական նախագիծ չի ստացել ու չի հաստատել>>,- ասում է փոխնախարար Սիմոն Պապյանը` հավելելով, որ մեկ անգամ արդեն` 2005 թվականին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հրաժարվել է համանման նախագծին դրական եզրակացություն տրամադրելուց, որը ներկայացրել էր Արարատի ոսկու արդյունահանման գործարանի նախկին սեփականատեր` հնդկական <<Վեդանտա Ռեսորսիզ>> ընկերությունը:

 <<Եթե Սոթքի նախագծի վերաբերյալ կրկին դիմում ստանանք, ապա նորից կմերժենք>>,- ասում է Պապյանը:

 Մինչդեռ ակտիվիստ բնապահպանները պնդում են, որ գործարանի մասին քննարկումները տեղի են ունենում փակ դռների հետևում: Ամենասարսափելի ապացույցն այն փաստաթուղթն է, որը բնապահպանական հասարակական կազմակերպությունների դաշինքը ձեռք է բերել,  որում ներկայացված է գործարանի կառուցման բնապահպանական ազդեցությունը, և որում շնորհակալություն է հայտնվում մի շարք գիտնականների, պետական ֆինանսավորում ստացող ակադեմիական ինստիտուտների: Խումբը պնդում է, որ մարտի 2-ին այն քննարկվել է տարածքային կառավարման նախարարությունում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

 Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Էվելինա Ղուկասյանը, որը մասնակցել է զեկույցում ներկայացված որոշ հետազոտություններին, ասում է, որ ինստիտուտի տված նախնական եզրակացությունը, որ ներկայացվել է այդ կառույցին, իր մեջ չի պարունակել ոչ մի դրական եզրակացություն, բայց նաև ընդունում է, որ արդյունքները հրապարակայնորեն չեն քննարկվել:

 <<Եղել են ընդամենը նախնական տվյալներ՝ հիմնված մի քանի ամսվա հետազոտության արդյունքների վրա: Մինչդեռ նման եզրակացության համար հարկավոր են երկարատև լուրջ հետազոտություններ,- ասում է Ղուկասյանը: – Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ գիտական հետազոտությունների արդյունքները քննարկվում են փակ դռների հետևում>>:

 Ամեն դեպքում ակտիվիստները պնդում են, որ այս հետազոտությունն անօրինական է, որովհետև Սևանա լիճը պաշտպանվում է օրենքով, որն արգելում է ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն:

 <<Սևանի մասին>> օրենքի 10-րդ հոդվածը հստակ արգելում է լճի համար վտանգ ներկայացնող ցանկացած գործունեություն, առավել ևս, եթե դա հանքարդյունաբերական-վերամշակող գործունեություն է>>,- ասում է <<Էկոլուր>> բնապահպանական-տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանը:

 Մինչ հարցը դեռ քննարկվում է փակ դռների հետևում, էկոլոգները պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաների և ցույցերի միջոցով խնդրին հասարակական հնչեղություն են տալիս ու հայտարարում, որ <<Սևանի աղտոտումը կկործանի ողջ Հայաստանը>>:

 <<Սևանա լճի աղտոտումն իր հետ կբերի նաև այլ ծանր հետևանքներ, ինչպիսիք են՝ թունավորված խմելու ջուր, ոռոգման համակարգ, շարքից դուրս եկած գյուղատնտեսական տարածքներ, ձկնորսության գոտիների ոչնչացում>>,- ասում է Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի համակարգող խմբի անդամ Սիլվա Ադամյանը:

 Ֆաբրիկայի կառուցման գլխավոր վտանգներից մեկը հանքանյութի վերամշակումից հետո կուտակված թունավոր թափոններն են, որոնք ունեն տոքսիկ բաղադրություն` ծանր մետաղներ, անտիմոն, մկնդեղ, պիրիտ, և մթնոլորտային տեղումների հետ կարող են ներթափանցել ստորգետնյա և գրունտային ջրերի մեջ, ապա դրանց միջոցով` Սևան:

 <<Ցիանային միացություններով, ծանր և տոքսիկ տարրերով պոչամբարը մշտական ռումբ է Սևանի համար,- ասում է <<Հանուն մարդկային կայուն զարգացման>> ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: – 28 միլիոն խմ ծավալով պոչամբարի աշխատանքային և անվտանգ վիճակն ապահովելու համար տարեկան մոտ 40 միլիոն դոլար կպահանջվի>>:

 Բնապահպաններն այսօր ոչ միայն պայքարում են` դադարեցնելու ոսկու վերամշակման գործարանի կառուցման մասին պետական մակարդակով անցկացվող քննարկումները, այլև հետևում են խորհրդարանի աշխատանքներին` համոզվելու, որ փոփոխություններ չեն կատարվում լիճը պաշտպանող օրենքի 10-րդ հոդվածում:

 <<Պետք է երաշխավորեն, որ ՀՀ բնապահպանական օրենսդրությունը չի փոխվի` հարմարեցվելու« <<Գեոպրոմայնինգ>> ընկերության նեղ շահերին, և <<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքում ամրագրված հանքարդյունաբերական գործունեության վրա դրված արգելքը կմնա անփոփոխ>>,- ասում է Զարաֆյանը:

 ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն ասում է, որ խնդիրը ավելի շատ քննարկվում է հասարակական կազմակերպությունների դաշտում, քանի որ <<Գեոպրոմայնինգ>> ընկերությունից ոչ մի պաշտոնական փաստաթուղթ կամ Սևանին վերաբերող օրենքի փոփոխության առաջարկ ո՛չ հանձնաժողովը, ո՛չ կառավարությունը չեն ստացել և, հետևաբար, չի դիտարկվել:

Գայանե Մկրտչյան

<<ԱրմենիաՆաու>> ինտերնետային թերթ 

04
Հուլ
09

Հուլիս 09/Խելամիտ էկոտուրիզմը Հայաստանում (ներառյալ քարտեզը)

Exploring Armenia's natural wonders is rewarding if you know where to go and with whom you should travel for the best experience. PHOTO BY AVARAYR TOURS.

Հայաստանի բնության հրաշքները ուսումնասիրելը խրախուսելի է, եթե դուք գիտեք` ուր գնալ և ում հետ ճանապարհորդել լավագույն տպավորություններ ստանալու համար: Նկարը տրամադրել է <<Ավարայր>> տուրիստական ընկերությանը:

Ստուգեք սա, Հայաստանի քարտեզը պարզեք լավագույն վայրերը դիտելու Հայաստանի բնության հրաշքները տեսնելու, արշավելու, զբոսնելու, հեծանվով շրջագայելու, թռչուններին դիտելու և սար մագլցելու :  Ինչպես նաև ծանոթացեք էկոտուրիզմով զբաղվող որոշ հայտնի կազմակերպությունների հետ կամ սովորեք, թե ձեր կազմակերպությունը ինչպես կարող է լինել  բնության նկատմամբ հոգատար:

03
Հուլ
09

Հուլիս 09: Կանաչ արահետը ճանապարհ է հարթում թունաքիմիկատներից զերծ բնամթերքի արտադրության համար

Լոռու մարզի Գարգառ գյուղի կանանց ֆերմերային դաշտային դպրոցի մասնակիցներն առանց թունաքիմիկատների աճեցնում են դեղաբույսեր և գյուղմթերք` հայաստանցի սպառողին ապահովելով եզակի օրգանապես մաքուր բանձարեղենով:

Լոռու մարզի Գարգառ գյուղի կանանց ֆերմերային դաշտային դպրոցի մասնակիցներն առանց թունաքիմիկատների աճեցնում են դեղաբույսեր և գյուղմթերք` հայաստանցի սպառողին ապահովելով եզակի օրգանապես մաքուր բանձարեղենով:

Օրգանական սնունդ Հայաստանում. այո, սա է <<Կանաչ արահետ>> կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանի գերխնդիրը, ով ամեն շաբաթ Տավուշում աճեցրած թարմ բանջարեղենն ու միրգը հասցնում է երևանցի սպառողին:

Տավուշն այն եզակի մարզերից է, որտեղ շատ քիչ են կիրառում օրինական կամ արգելված միջատասպան թունաքիմիկատներ: Կազմակերպությունն ընտրել է մի քանի մարզեր, որոնք, ըստ Սարուխանյանի, <<հնարավորինս մաքուր են և օրգանական սննդամթերք աճեցնելու համար անվտանգ>>:

2004 թ. Ստեղծված <<Կանաչ արահետ>> ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում հողագործների համար, փորձագետների խորհրդատվությամբ օգնում նրանց միայն օրգանական միջոցներով աճեցնելու սննդամթերքը և, որ առավել կարևոր է, լուծում բնամթերքի սպառման հարցերը:

<<Մեր ագարակատերերը, օրինակ մշակաբույսերը սրսկում են ոչ թե թունաքիմիկատներով, այլ հատուկ եղանակներով պատրաստված օրգանական նյութերով, ասենք սխտորի լուծույթով>>,- պարզաբանում է Սարուխանյանը:

Նրա առավել գերակա նպատակը հայաստանյան մթերքը օրգանական սննդամթերքի եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է:

<<Մեզ մոտ շատ խոտաբույսեր և պտուղներ են աճում, հատկապես դեղաբույսեր, որոնք կարող են արտասահմանում սպառում գտնել,- ասում է Սարուխանյանը: – Կանաչեղենի տեսակներ կան, որ անծանոթ են մեզ, սակայն Հայաստանում ապրող սփյուռքահայերը կամ արտասահմանցիները լավ ծանոթ են դրանց, և նրանք էլ այս մթերքի հիմնական սպառողներն են>>,- ասում է նա:

Վերջերս էլ այս կազմակերպությունը սպառողների շրջանում կտորե տոպրակների կիրառումը խրախուսող արշավ է սկսել նպատակ ունենալով նվազեցնել պոլիէթիլենե տոպրակների օգտագործումը (տես <<Աղբի խնդիր…>>):

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ ՏԵՂԱՑԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՕՐԳԱՆԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՄԹԵՐՔ ԳՆԵԼ

<<Կանաչ արահետն>> ամեն շաբաթ մթերքը կառաքի անմիջապես ձեր տուն կամ գրասենյակ: Էլեկտրոնային հասցեների ցանկում ընդգրկվելու և մթերք պատվիրելու համար գրեք market@greenlane.am հասցեով:

<<Կանաչ արահետի>> նախագծերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.greenlane.am/ կայքը:

Լոռու մարզի Գարգառ գյուղի կանանց ֆերմերային դաշտային դպրոցի մասնակիցներն առանց  թունաքիմիկատների աճեցնում են դեղաբույսեր և գյուղմթերք հայաստանցի սպառողին ապահովելով եզակի օրգանապես մաքուր բանջարեղենով:

Արմինե Գևորգյան

Ռադիո հայ

03
Հուլ
09

Հուլիս 09: Թունաքիմիկատները վնասակար ժառանգություն են թողել Արարատյան դաշտավայրում

<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ բժիշկ և փորձաետ Լիլիկ Սիմոնյանը մտահոգված էր, բայց ոչ զարմացած, երբ ուսումնասիրությամբ պարզվեց, որ Արարատյան դաշտավայրի գյուղերում հետազոտված բոլոր 70 կանանց կրծքի կաթում առկա է ԴԴՏ թունաքիմիկատը: Պատկերը նույնն էր նաև Կոտայքի մարզում. մեծապես թունավոր և արգելված այս թունաքիմիկատը հայտնաբերվել է նաև Աբովյանի ծննդատներից մեկում հետազոտված բոլոր կանանց մոտ:

Արդյունքները տագնապահարույց են, բայց, դժբախտաբար, նաև կանխատեսելի:

Հայաստանը սնող Արարատյան բարեբեր դաշտավայրում առատ են նաև ԴԴՏ-ի հետքերը: Այս թունաքիմիկատն արգելվել է Հայաստանում 1970-ականներին, բայց մասնագետները փաստում են, որ այն դեռ այսօր էլ օգտագործվում է: Լինելով կայուն միացություն տասնամյակներ առաջ օգտագործված թունաքիմիկատը, չկորցնելով իր վտանգավոր ազդեցությունը, թափանցում է ջրի, հողի, կենդանիների և նույնիսկ մարդու օրգանիզմի մեջ:

<<ԴԴՏ-ի հետևանքների վերացման ամենամեծ խնդիրն այն է, որ այն իր ազդեցությունը պահպանում է տասնամյակներ,- ասում է Սիմոնյանը: – Նույնիսկ եթե մարդիկ դադարել են այն օգտագործել 1970-ականներին, այն դեռ կլինի նրանց օրգանիզմներում 40 տարի անց: Բայց մենք փաստեր ունենք, որ այսօր էլ անօրինական կերպով այն դեռ օգտագործվում է>>:

ԴԴՏ-ն մշակվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին որպես ոջիլասպան և միջատասպան միջոց և 1950-ականներից լայնորեն կիրառվել  ԱՄՆ-ում, բազմաթիվ եվրոպական երկրներում ու նաև Հայաստանում: Արգելքը դրվեց ԱՄՆ-ում 1972 թ. այն բանից հետո, երբ գիտնականները հայտնաբերեցին, որ թունաքիմիկատի հետևանքով վերացման եզրին են հայտնվել ճերմակագլուխ արծիվն ու սապսանը, քանի որ այն թուլացնում էր թռչնի ձվերի կեղևը, որի հետևանքով դրանք ժամանակից շուտ էին ճաքում: Փորձակենդանիների վրա կատարված լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ԴԴՏ-ը կարող է առաջացնել քաղցկեղ և այլ առողջական խնդիրներ, հղիների մոտ առաջացնել վաղաժամ և անքաշ երեխաների ծնունդ:

Միջազգային գիտական շրջանակներում մինչ օրս բանավիճում են, թե ԴԴՏ-ն ավելի շատ վնաս է տվել, թե օգուտ: Շատ գիտնականներ պնդում են, որ միայն ԴԴՏ-ի միջոցով է հնարավոր պայքարել մալարիայի մոծակի դեմ, և թունաքիմիկատի արգելքը հանգեցրել է ողջ աշխարհում մալարիայից մահվան դեպքերի ավելացմանը: 2006 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխեց ԴԴՏ-ն արգելող իր խիստ քաղաքականությունը խորհուրդ տալով Աֆրիկայում և մալարիայի հետ կապված խնդիրներ ունեցող այլ երկրներում օգտագործել այդ թունաքիմիկատը:

Մասնագետները վստահ են, որ ԴԴՏ-ի օգտագործման արգելքից հետո էլ տարիներ, նույնիսկ տասնամյակներ անց այն պահպանվում է հողում, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում:

Մասնագետները չգիտեն, թե իրականում ինչպիսին է իրավիճակը Հայաստանում ժամկետանց թունավոր նյութերի առումով: Չգիտեն նաև, թե քանի գյուղացի է ԴԴՏ օգտագործում: 1997-ից Հայաստան ներկրված ժամկետանց թունաքիմիկատների վերջնական հաշվառումը գյուղատնտեսության նախարարությունը խիստ անհրաժեշտ է համարում, սակայն միևնույն ժամանակ անհնար: Նախարարությունում նախատեսում են հանդես գալ հայտարարությամբ, որ ժամկետանց թունաքիմիկատներ ունեցողները հանձնեն և փոխարենը ստանան որակյալը: Սակայն դրան կհաջորդի մեկ այլ, էլ ավելի ծանր գործ ինչպես պահպանել կամ ինչ միջոցներով վերացնել հավաքված ժամկետանց այդ թունաքիմիկատները:

Սիմոնյանն ասում է, որ ԴԴՏ-ի ամենամեծ քանակը գրանցվել է Արարատյան դաշտավայրում և հատկապես Արարատի մարզում: Այնտեղ թունաքիմիկատը գտնվել է թե  հողի, թե կենդանական ծագման սննդամթերքի մեջ: Ըստ Սիմոնյանի, պատճառը թունաքիմիկատի լայնորեն կիրառումն է այդ շրջաններում: Կազմակերպությունն անգամ մի քանի տարի առաջ ԴԴՏ գտավ թունաքիմիկատների խանութներից մեկում, սակայն նման դեպքեր հետագայում չեն արձանագրվել:

Արարատյան դաշտավայրի գյուղերում, ինչպիսիք են Արմավիրի մարզի Մարգարան, Ապագան, Ակնաշենը և Սև Ջուրը, ԴԴՏ է հայտնաբերվել թռչունների մոտ: Գիտնականներն արձանագրել են, որ արագիլների վերարտադրությունը ցածր է, և հնարավոր պատճառներից մեկը ԴԴՏ-ն է (կարդացեք <<Գյուղացի>> գիտաշխատողները օգնում են հետևելու արագիլներին և շրջակա միջավայրին):

Մեկ այլ պոտենցիալ վտանգ ներկայացնող տարածք է Երևանի Էրեբունի համայնքը, որտեղ գտնվում է ժամկետանց ԴԴՏ-ի և այլ թունաքիմիկատների գերեզմանոցը. թունաքիմիկատները թաղվել են 1982-ին <<Հայաստանի գյուղատնտեսական քիմիա>> պետական ձեռնարկության կողմից, իսկ այդ ժամանակից ի վեր տարածքում մի քանի անգամ սողանքներ են եղել:

<<Ոչնչացման մեխանիզմներ չկան, և բարդ տեխնոլոգիաներ են պահանջվում: Այս պահին չենք կարողանում լուծում գտնել, իսկ պետությունը բավարար միջոցներ չունի: Այդ ամենը բարձիթողի վիճակում է>>,- ասում է գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը:

Շրջակա միջավայրի մասնագետներն ահազանգում են, որ թունաքիմիկատների գերեզմանոցում խնդիրները լրջանում են: <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ն ուսումնասիրել է գերեզմանոցի տարածքի շրջակա հողերը և բացահայտել, որ թունաքիմիկատների, հատկապես ԴԴՏ-ի և այլ կայուն և վտանգավոր միացությունների պարունակությունը մի քանի հարյուր անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:

Ներկայումս թունաքիմիկատների գերեզմանոցը վերացնելու համար Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցով 2,5 մլն եվրո է հատկացրել: Իրավիճակի գնահատումից հետո ծրագիրը կիրականացվի: Ըստ Եսայանի, թունաքիմիկատները նախ պետք է հանվեն գերեզմանոցից, փաթեթավորվեն և ապա միայն ոչնչացվեն:

<<Բնակավայրերը մոտեցել են այդ գերեզմանոցին, այսինքն ամեն րոպե կարող է թունանյութն անցնել խմելու ջրի, հողի մեջ և թափանցել մարդու օրգանիզմ: Մի խոսքով դա մի վտանգավոր ռումբ է, որը դրված է Երևանին շատ մոտ>>,- ասում է Եսայանը:

 Երևանի մերձակայքում գտնվող թունաքիմիկատների այս կիսաքանդ գերեզմանոցը դանդաղ գործողության ռումբ է բնակիչների համար. տասնյակ տարիներ իրենց վտանգավոր ազդեցությունը պահպանած թունաքիմիկատները սողանքների միջոցով մի օր կհայտնվեն խմելու կամ ոռոգման ջրերի մեջ, հետևաբար նաև մարդկանց օրգանիզմում:

Հասմիկ Համբարձումյան

Panorama.am

03
Հուլ
09

Հուլիս 09: Չորս խորհուրդ աղբի նվազեցման համար

պայուսակԱՐԳԵԼԵՔ ՊՈԼԻէԹԻԼԵՆԵ (ցելոֆանե) ՏՈՊՐԱԿՆԵՐԸ

Ամենապարզ միջոցը, որ կարող են կիրառել հայաստանցիներն իրենց շրջակա միջավայրը մաքրելու և աղբի քանակը կրճատելու համար,  պոլիԷթիլենե տոպրակներից ՀՐԱԺԱՐՎԵԼՆ Է: Պարզապես պետք է գիտակցել, որ հենց դրանք են աղտոտում քաղաքը քամուց թռչելով բաց աղբավայրերից ու տարածվելով քաղաքով  մեկ:  Ելքը մեկն է. պետք է ուղղակի կիրառել  բազմակի օգտագործման կտորի տոպրակներ: Ողջ աշխարհում մեծ թափ է առնում պոլիԷթիլենե տոպրակներն արգելող շարժում: Թեև դրանք թեթև են և աղբավայրերում մեծ տարածք չեն զբաղեցնում, բայց միկրոօրգանիզմների ազդեցությամբ չեն քայքայվում, հետևաբար դրանք հարատև են: Մեր առօրյայի անբաժանելի մասը դարձած այդ պոլիԷթիլենե տոպրակները կարող են նաև վնասել փխրուն էկոհամակարգերը, քանի որ հողի մեջ չեն քայքայվում, բայց իրենց վնասակար ազդեցությամբ սպանում են բազմաթիվ բույսեր և կենդանիներ, իսկ այրելիս արտազատում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք կարող են լուրջ  հիվանդություններ առաջացնել:

Սա է պատճառը, որ որոշ երկրներում արմատական փոփոխությունների են անցել. Հարավային Աֆրիկայից, Քենիայից մինչև Հնդկաստան և Նյու Յորք ամենուր  ապօրինի է համարվում պոլիԷթիլենե տոպրակների կիրառությունը, իսկ դրանք կիրառող կամ տարածող գործարարները հսկայական տույժ ու տուգանքների են ենթարկվում:

Ինչպես նշվում է <<Նյու Յորք թայմզում>> վերջերս հրապարակված  մի հոդվածում, երբ Իռլանդիան 2002 թ. ներմուծեց Plastax-ը պոլիԷթիլենե տոպրակների համար վճարվող հարկը, ըստ որի գնորդները պարտավորվում էին վճարել 33 սենթ յուրաքանչյուր տոպրակի համար, մի քանի շաբաթվա ընթացքում այդ տոպրակների կիրառությունը նվազեց 94 տոկոսով, իսկ այսօր Իռլանդիայի քաղաքների փողոցներում բառացիորեն բացակայում են պոլիԷթիլենե տոպրակները: Նույնը եղավ Թայվանում, որտեղ ռեստորաններին պարտադրեցին պլաստմասսայե դանակպատառաքաղների և պոլիԷթիլենետոպրակների համար գումար գանձել. դրանց կիրառությունն անմիջապես նվազեց 70 տոկոսով: Այսպիսով, ինչու չվերադառնալ կտորից տոպրակներին մեր տատերը դա էին օգտագործում, և գուցե շատերն էլ դեռ ապավինում են իրենց կտորե տոպրակներին, իսկ միթե դուք չեք կարող:

 Եվս երեք խորհուրդ կենցաղային աղբի քանակի նվազեցման համար

Խոհանոցային մնացորդները դարձրեք պարարտանյութ. բանանի կեղևը, մրգերի, բանջարեղենի մնացորդներն ու կեղևը, ձվի կճեպները կարող են դառնալ հիանալի պարարտանյութ այգիների, ինչպես նաև սենյակային բույսերի հողի համար: Պարզապես պահեք դրանք խոհանոցում մի տարայի մեջ, հետո խառնեք դրսում խոտի, ճյուղերի, տերևների և նույնիսկ թղթի հետ:

Խուսափեք պլաստմասսայե իրերից. պլաստմասսան ստացվում է գազից և նավթից: Մի օգտագործեք ստիրոֆոմ պենոպլաստ: Այն հնարավոր չէ բազմակի օգտագործել և միկրոօրգանիզմների ազդեցությամբ չի քայքայվում: Հեղուկները ևս չպետք է պահել պլաստմասսայե շշերում:

www.freecycle.org. Վեց տարի առաջ մի խումբ ամերիկացիներ, որոնք ցանկանում էին իրենց ոչ անհրաժեշտ իրերը նվիրել ուրիշներին, ստեղծեցին ինտերնետային այս ցանցը, որտեղ տեղադրվում են հայտարարություններ ոչ պիտանի իրերի մասին, որոնք տրվում են անվճար կամ փոխանակվում են: Այդ ժամանակից ի վեր freecycle.org-ը ունի էլեկտրոնային փոստի ցուցակներ 85 երկրներում և ծառայում է հազարավոր խմբերի և միլիոնավոր անդամների: Կայքի կառավարիչներն ասում են, որ նրանք ամեն օր 500 տոննա իր են փրկում աղբանոցում հայտնվելուց: Նման կայքի հայկական տարբերակը չկա, բայց ճիշտ ժամանակն է ստեղծելու:

 Երևանի Նուբարաշեն համայնքի  աղբի այս սարսափազդու սարն օրեցօր մեծանում է, չնայած ցուցանակն արգելում է և սպառնում աղբ թափողներին տուգանել 50000 դրամով:

Ի վերջո, երբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն  այս հակասանիտարական վիճակին վերջ տալու  ուղղությամբ:

03
Հուլ
09

Հուլիս 09: Աղբի խնդիր. աղբավայրերը ոչ միայն տգեղ են, այլեւ վտանգավոր առողջության համար

Երևանի Նուբարաշեն համայնքի աղբանոց

Երևանի Նուբարաշեն համայնքի աղբանոց

 

Երևանի Նուբարաշեն համայնքի այս սարսափազդու սարն օրեցօր մեծանում է, չնայած ցուցանակն արգելում է և սպառնում աղբ թափողներին տուգանել 50000 դրամով:

Երևանի Նուբարաշեն համայնքի այս սարսափազդու սարն օրեցօր մեծանում է, չնայած ցուցանակն արգելում է և սպառնում աղբ թափողներին տուգանել 50000 դրամով:

<<Ավարայր>> տուրիստական ընկերության  ղեկավար Արկադի Սահակյանի համար այսօր գերխնդիր է դարձել ոչ թե գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր գտնելը, այլ փորձել զբոսաշրջիկների աչքից թաքցնել գեղատեսիլ լանջերի, գետերի և նույնիսկ պետության կողմից պահպանվող արգելոցների աղբը:

<<Ամբողջ Հայաստանն աղբանոց է դարձել,- ասաց նա: – Մենք վարժվել ենք սրան, և սա մեզ դուր չի գալիս: Բայց եթե հյուրեր ունենայիք ձեր տանը, և ողջ հատակը ծածկված լիներ աղբով, դուք անհարմար չէիք զգա>>:

Եկեք ընդունենք. Հայաստանը գեղեցիկ երկիր է, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը օրեցօր մեծացող աղբակույտի ներքո: Հայերն ամեն տարի 1,05 միլիոն տոննա (այո, միլիոն տոննա) աղբ են նետում այդ նպատակով չառանձնացված, չմշակվող աղբանոցներում կամ մոտակա ձորերը: Դա նշանակում է 350 կիլոգրամ աղբ յուրաքանչյուր շնչին, ինչպես հաշվարկել են <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>>ՀԿ մասնագետները:

Սա ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր. 70 տարբեր վտանգավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել ամեն ինչ` քաղցկեղից մինչև ասթմա, արտանետվում են օդի մեջ, երբ աղբը, հատկապես պլաստմասսայե իրերը, այրվում են: Այնպիսի վտանգավոր թափոնների թաղումը, ինչպիսին է արգելված ԴԴՏ թունաքիմիկատը, իրականում նշանակում է, որ այս նյութը ներթափանցում է մեր ջրի պաշարների, ընտանի կենդանիների ու մեր սեփական օրգանիզմների մեջ (տե°ս <<Թունաքիմիկատները վնասակար ժառանգություն են թողել Արարատյան դաշտավայրում>>): Երկրի պաշտոնական աղբանոցներից և ոչ մեկը ոչ Նուբարաշենինը և ոչ էլ Աջափնյակինը, չունեն թափոնները վերամշակելու որևէ մեխանիզմ:

<<Ոչ մի աղբանոց չի համապատասխանում սանիտարական նվազագույն պահանջներին: Այստեղ նրանք պարզապես լցնում են աղբը և կարծում, թե գործն արված է>>,- ասում է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ փորձագետ, բժշկուհի Լիլիկ Սիմոնյանը, որը կատարել է մի շարք ուսումնասիրություններ հետազոտելով աղբահանության և թափոնների այրման սխալ մեթոդների ազդեցությունը մարդու առողջության վրա:

Ըստ Սիմոնյանի, որպես կանոն, աղբավայրերը տեխնիկապես հագեցած չեն, չեն կատարվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի նորմալ հողածածկում: Վերամշակվող թափոնների թղթի, ստվարաթղթի, պոլիէթիլենի տեսակավորումը կատարում են հիմնականում աղբ կրող բանվորները, ովքեր հետագայում դրանք հանձնում են թափոններ ընդունող ընկերություններ և գումար աշխատում: <<Աղբավայրերը պետք է բետոնից պատեր ունենան կամ տեղակայված լինեն այնպիսի տարածքներում, որոնք հնարավոր է լվանալ կամ մաքրել առանց շրջակա միջավայրը թունավորելու>>,- ասում է Սիմոնյանը: 

Մինչև այժմ անհնար է եղել համոզել կառավարությանը ներդրումներ կատարել կամ կառուցել կարգին աղբամշակման գործարան կամ աղբանոց: Քաղաքապետարանն է պարտավոր իրականացնել և կազմակերպել թե° աղբահանության և թե° աղբավայրերի շահագործման խնդիրները: Այնուամենայնիվ, էկոլոգիապես անվնաս աղբանոցի կառուցման ծախսերը հսկայական են, և շատ քաղաքներ, նույնիսկ մեծ բյուջե ունեցող Երևանի քաղաքապետարանը, ի վիճակի չեն կառուցելու իրենց համար աղբամշակման գործարան կամ պատշաճ աղբանոց:

<<Մեր հնարավորությունները բավական սահմանափակ են և չեն ներում միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայր կառուցելու համար,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը: – Մեր լավագույն տարբերակը մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն են, որոնք ոչ միայն կվերամշակեն թափոնները, այլ նաև նորմալ աղբավայրեր կկառուցեն>>:

Բայց կառավարության քայլերն այդ ուղղությամբ կրիայի տեմպերով են առաջ գնում: Ութ տարի տևեցին ճապոնական <<Շիմիձու>> ընկերության հետ բանակցությունները, որը ցանկանում էր աղբի վերամշակման գործարան կառուցել: Գործարքը վերջապես ստորագրվեց մարտին, բայց <<Շիմիձուն>> չի ստանձնել աղբավայրի վերակառուցման պարտավորություն, այն միայն նախատեսում է ծածկել հինը:

<<Աղբավայրերի շահագործման համար մենք դեռ փորձում ենք նոր օպերատոր գտնել, ինչը, հավանաբար, կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին>>,- ասում է Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

Այս ոլորտում դանդաղկոտության պատճառը, բնապահպանների կարծիքով, որոշ հայ գործարարների շահերն են, որոնք չնչին գումարներով թափառաշրջիկներից գնում են իրենց անհրաժեշտ թափոնները:

<<Ենթադրում եմ, որ պայմանագրի ստորագրումը որոշ գործարարների բիզնեսին էր խփում, որոնք հավաքում են պլաստմասսայե դատարկ շշերն ու օգտագործում ինչոր բիզնեսի մեջ,- ասում է <<Հանուն մարդկային կայուն զարգացման>> ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանը: – Իսկ եթե աղբանոցը սեփականաշնորհված լինի, ապա նրանք ստիպված կլինեն վճարել աղբանոց մուտք գործելու համար>>:

Մինչ կառավարությունը լուծումներ կգտնի, որոշ մասնավոր ձեռնարկություններ արդեն իսկ սկսել են գործել:

<<ՊոլիՍերվ ընկերության տնօրեն և հիմնադիր Յուրի Սահակյանն այս ոլորտում նոր մոտեցում է առաջարկում: Նա օգտագործում է հին սառնարանների, լվացքի մեքենաների, հեռախոսների և կոշիկների կրունկների պլաստմասսայե հատվածները շինանյութ պատրաստելու համար:

Սահակյանն ասում է, որ ավելի քան տասը տարվա ընթացքում Աբովյան քաղաքում հիմնադրած իր ձեռնարկությունն առաջար¬կում է մոտ 100 ապրանքատեսակ:

Գործարանն ամսական օգտագործում է 5-10 տոննա հումք, որի մի մասը կազմում և ստացվում է հին պլաստմասսայե իրերից: Գործարարը նաև նախատեսում է ներդնել պլաստմասսայե շշեր և փաթեթներ վերամշակելու տեխնոլոգիաներ:

<<Մենք հումքը գնում ենք այն մարդկանցից, ովքեր հավաքում են դրանք աղբավայրերից կամ փողոցներից: Մեկ կիլոգրամի դիմաց վճարում եմ մեկ դոլար: Վերամշակումն օգնում է ինձ գումար խնայել, քանի որ նորմալ հումքի մեկ կիլոգրամն արժե մոտավորապես երկու դոլար>>,- ասում է նա:

Էդգար Ամիրանյան

<<Անկախ>> շաբաթաթերթ

03
Հուլ
09

Հուլիս 09: Գյուղացի գիտաշխատողներն օգնում են հետեւելու արագիլներին եւ շրջակա միջավայրին Հայաստանում

arr-a-GILLՀայաստանի բոլոր այն բնակավայրերում, որտեղ սպիտակ արագիլներ են ապրում` Նովոսեցովոյից, Հովտաշատից մինչև Արենի, գյուղերի բնակիչները Լուսինե Ստեփանյանին և Մարո Քոչինյանին անվանում են <<արագիլի աղջիկներ>>:

2005 թ. ի վեր ամեն տարի երիտասարդ գիտնականներն այցելում են Հայաստանում բոլոր այն շրջանները, ուր բնադրում են արագիլներ, և բների մոտակայքում ապրողներին բաժանում հատուկ օրացույցներ: Այդ այսպես կոչված <<բնի հարևաններն>> օրացույցներում լրացնում են արագիլների տեղաշարժի վերաբերյալ ամեն ինչ արագիլի վերադարձի և թուխս նստելու օրերը, ձագերին տեսնելու առաջին օրը, ձագի թռչելու և արագիլների հեռանալու օրերը, ինչպես նաև, թե նրանք քանի ձագ են ունեցել և արդյոք ընթացքում բնից ձու կամ ձա են նետել:

Իր տեսակի մեջ եզակի, հանրային կրթությանը միտված այս ծրագիրն իրականացվում է ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից: Գիտաշխատողներն այս տեղեկատվությունն օգտագործում են չվող թռչունների ընդհանուր վարքագիծն ուսումնասիրելու նպատակով:

<<Մենք որոշեցինք որևէ հազվագյուտ կամ անհետացող թռչնատեսակ վերցնելու փոխարեն հետազոտել տարածված տեսակ: Դա մեզ հնարավորություն կտար տեսնելու, թե շրջակա միջավայրի փոփոխություններն ինչպես են ազդում թռչունների և նրանց ձագերի թվի վրա>>,- ասում է Հակոբյան կենտրոնի ավագ թռչնաբան Կարեն Աղաբաբյանը:

<<Հայաստանում կան բարենպաստ պայմաններ նման հետազոտություն անցկացնելու համար, որովհետև Հայաստանում արագիլների լայն տարածվածությունը հնարավորություն է տալիս մոնիթորինգն իրականացնել միաժամանակ տարբեր շրջաններում,- շարունակում է նա:

- Արագիլն ունի գիշատիչի կենսակերպ: Այդ պատճառով էլ մենք կարող ենք տեսնել, թե կայուն թունաքիմիկատները կամ ծանր մետաղները ինչպես են ազդում նրանց վրա, որովհետև սննդային շղթայի ընթացքում դրանք կուտակվում են թռչունների մոտ>>:

Աղաբաբյանը մատնանշում է, որ վերջին տարիների տվյալները հետաքրքիր միտում են արձանագրում, օրինակ այն, որ նախորդ չորս տարիների ընթացքում աճել է արագիլների թիվը:

<<Ընդ որում, բացի զույգերից, ավելացել է նաև նրանց ձագերի թիվը>>,- ասում է Աղաբաբյանը: Այս փոփոխությունը մի քանի պատճառներ ունի: Նա կարծում է, որ արագիլների թվի աճը նախևառաջ պայմանավորված է կերային բազայի ավելացմամբ, ինչն էլ, գիտնականի կարծիքով, գլոբալ տաքացման հետևանք է:

<<Այսինքն շատանում են միջատները, որոնց պատճառով էլ ավելանում են գորտերը, որոնցով էլ սնվում են արագիլները: Դա որոշ տեղերում կարող է պայմանավորված լինել նաև թռչնաֆաբրիկաների կամ ձկնաբուծարանների առկայությամբ, որոնց շրջակայքում կուտակվում են մեծ քանակությամբ կերային թափոններ>>:

Ըստ Աղաբաբյանի, որոշ թռչնաֆաբրիկաների կողքին ապրող արագիլները նույնիսկ ձմռանը չեն չվում Աֆրիկա:

Վարքագծի խախտումը կարող է ապահովել կարևոր գիտական տեղեկատվություն ոչ միայն տեսակների, այլև շրջակա միջավայրի մասին: Օրինակ, կենտրոնի գիտաշխատողներն արձանագրել են, որ Արարատյան դաշտավայրում և Վայոց ձորում կան արագիլներ, որոնք քիչ ձագ են ունենում կամ ընդհանրապես չեն ունենում, ինչը կարող է վկայել արգելված թունաքիմիկատների, ինչպես, օրինակ, ԴԴՏ-ի, օգտագործման կամ այլ ծանր մետաղների առկայության մասին, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար:

<<Ընդ որում` աղտոտման վայրը կարող է լինել 20 կմ այն կողմ, բայց ջրի, կերի միջոցով դրանք հասնում են նաև արագիլներին>>,- ասում է Աղաբաբյանը:

Այնուամենայնիվ, <<արագիլի աղջիկ>> գիտաշխատող Լուսինե Ստեփանյանը պարզաբանում է, որ 4 տարին շատ կարճ ժամանակահատված է արագիլների վրա շրջակա միջավայրի փոփոխությունների ազդեցության վերաբերյալ լուրջ եզրակացություններ անելու համար:

<<Ամբողջական պատկերը ստանալու համար պետք է գոնե 20-25 տարի հետազոտել արագիլներին>>,- ասում է Ստեփանյանը: 

Կենտրոնը նաև ի վիճակի է օգնություն ցույց տալու այն արագիլներին, որոնք երբեմն վնասվում են` հարվածելով բարձրավոլտ հոսանքալարերին, որոնց մոտ հյուսում են իրենց բները: Բների մոտակայքում ապրող գյուղացիները, որ բավական հոգատար են արագիլների նկատմամբ, մեծ մասամբ տեղեկացնում են կենտրոնի աշխատակիցներին, որոնք էլ ՀՀ բուսաբանական ինստիտուտում գործող կենսաբազմազանության կենտրոնի օգնությամբ բուժում են վիրավոր թռչուններին:

<<Անցյալ տարի ութ արագիլ վերականգնեցինք և բարեհաջող բաց թողեցինք այնտեղ, որտեղից բռնել էինք>>,- ասում է Աղաբաբյանը:

<<Սպիտակ արագիլ>> համակարգող Մարո Քոչինյանը հանդիպում է արագիլների <<բնի հարևանների>> հետ:

<<Սպիտակ արագիլ>> ծրագրի համակարգող Մարո Քոչինյանը հանդիպում է արագիլների <<բնի հարևանների>> հետ:

Գիտաշխատողներ Քոչինյանն ու Ստեփանյանը գյուղերում արդեն բարեկամացել են բոլոր <<բների հարևանների>> հետ: Աղջիկներն ասում են, որ սկզբում դժվար էր. երբ նրանք օրացույցներ էին տալիս բնակիչներին, շատերն ասում էին վճարեք կլրացնենք: Այսօր աղջիկները հպարտանում են, որ իրենց հաջողվեց համոզել բոլոր <<բների հարևաններին>> կամավորներ դառնալ և չեն վճարել որևէ մեկին աշխատանքը կատարելու համար:

<<Հիմա ավելի հեշտ է ամեն ինչ, արդեն գիտենք ում հետ ինչպես խոսենք: Մեկի հետ ջանջիգյարով ենք խոսում, մյուսին գիտականորեն ենք բացատրում ամեն ինչ>>,- ասում է Ստեփանյանը:

Ըստ գիտաշխատողների, բնակիչների մեծ մասն արագիլներին շատ լավ է վերաբերվում, քանի որ ավանդաբար արագիլը համարվում է հաջողության թռչուն: Օրինակ, Արմավիրի մարզի Ապագա գյուղում արագիլները հաճախ իրենց բները հյուսում են գյուղացիների տների կտուրներին երբեմն փակելով ջրհորդանները: Չնայած գյուղացիների տները խոնավանում են, նրանք երբեք չեն քանդում արագիլների բները:

<<Երբ արագիլը չի վերադառնում, շատ մարդիկ այդ տարվա իրենց բոլոր անհաջողությունները կապում են դրա հետ: Սակայն կան նաև մարդիկ, որոնց արագիլները խանգարում են: Օրինակ, մեկի ջերմոցի ապակիներն են կոտրում, քանի որ ուժգին հարվածում են դրանց, կամ էլ ծանր իրեր են բերում ու գցում դրանց վրա>>,- ասում է Ստեփանյանը:

Հովտաշատ գյուղի դպրոցականները տոնում են Սպիտակ արագիլի տոնը: Այս գյուղը մեկն է այն երեքից, որոնք արժանացել են Ամերիկյան համալսարանի մրցանակին լավ <<արագիլի բնի հարևան>> լինելու համար:

Հովտաշատ գյուղի դպրոցականները տոնում են Սպիտակ արագիլի տոնը: Այս գյուղը մեկն է այն երեքից, որոնք արժանացել են Ամերիկյան համալսարանի մրցանակին լավ <<արագիլի բնի հարևան>> լինելու համար:

Սակայն Արարատյան դաշտավայրի որոշ գյուղերում գիտաշխատողները գրանցել են դեպքեր, երբ գյուղացիներն արագիլ են կերել: Բայց, իհարկե, հիմնականում բնակիչները հիանում են արագիլներով և դրանց համարում <<սիրուն թռչուններ>>, ինչպես, օրինակ, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակչուհի 41-ամյա Գոհար Հայրապետյանը:

Հայրապետյանն ասում է, որ նա աշխատում է և միաժամանակ հաճույք ստանում` նայելով արագիլներին, որոնք բույն են դրել նրա բանջարանոցի մոտակա սյան վրա:

<<Մեր կյանքի հետ զուգահեռներ եմ անցկացնում: Տեսնում եմ, թե ոնց են շյուղ-շյուղ բերելով բույն սարքում, ձագ բերում, հետո ձագերը հեռանում են: Ճիշտ մարդկանց նման>>,- ասում է Գոհարը:

Սիրանույշ Գևորգյան

 <<ԱրմենիաՆաու>> ինտերնետային շաբաթաթերթ

03
Հուլ
09

Հուլիս 09: Հրազդանին սպառնում է բնապահպանական աղետ. Մետաղամշակման նոր գործարանը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել

Հրազդան քաղաքը պարուրած կանաչապատ այս բլուրը շուտով կվերածվի հանքի, իսկ մոտակայքում նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերական գործարան:

Հրազդան քաղաքը պարուրած կանաչապատ այս բլուրը շուտով կվերածվի հանքի, իսկ մոտակայքում նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերական գործարան:

Հրազդան քաղաքը կիսալուսնի նման շրջապատած սարը հիմա ծածկված է կանաչ խոտով և վայրի ծաղիկներով: Բայց այդ բլրի վրա` Հրազդանից 2 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա, երեք դպրոցների և բնակելի շենքերի մոտ նախատեսվում է կառուցել մետաղամշակման գործարան: Արդեն հաստատված նախագիծը հարուցել է բնապահպանների լուրջ մտավախությունը, որ ծանր մետաղների մշակման հետևանքով օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել քաղցկեղ, ծանր շնչառական խնդիրներ, ինչպես նաև աղտոտել մի քանի քաղաքներ սնուցող խմելու ջրի պաշարները: Ավելին` հանքի շահագործման հետևանքով արտազատված քիմիական տարրերը տասնյակ տարիներ պահպանվում են հողի մեջ և մարդու օրգանիզմում:

<<Խնդիրն այն է, որ այս հանքավայրը բաց է, և քամու միջոցով այդ ծանր մետաղները կարող են տարածվել,- ասում է Հրազդանում <<Օրհուս>> բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը: – Բացի այդ, այս հանքավայրի տակով են անցնում Հրազդան, Աբովյան և Գագարին քաղաքների խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները, որոնք կարող են թունավորվել>>:

Ըստ Ենգիբարյանի` առայժմ պարզ չէ, թե երբ է <<Նագին>> ՍՊԸ-ն կառուցելու մետաղամշակման գործարանը: Նա հունիսի սկզբին այս հարցով դիմել է բնապահպանության նախարար Արա Հարությունյանին, որը խուսափել է պատասխանից. <<Դեռ պարզ չէ, երբ մենք իմանանք, ձեզ էլ կասենք>>:

Մտահոգիչ է սակայն, որ գործընթացի մեծ մասը գաղտնի է պահվում: Նախարարության կայքում հրապարակվել է տվյալ ծրագրի ուսումնասիրությունը: Բայց բեռնվում են միայն 90 էջանոց հետազոտության  առաջին 48 էջերը, որոնք նվիրված են Հրազդան քաղաքի ընդհանուր նկարագրությանը: Իսկ այն էջերից, որոնցից սկսվում է շրջակա միջավայրի վրա հանքավայրի և գործարանի ազդեցության գնահատման  բաժինը, հետազոտությունն այլևս չի բեռնվում: Նախարարությունն անտեսել է նաև <<Այս ամիս>> ներդիրի լրագրողի բազմաթիվ խնդրանքները` տրամադրել փաստաթուղթն ամբողջությամբ:

Բնապահպանության նախարարությունից պնդում են, որ փետրվարին Հրազդանում կազմակերպվել են հանրային լսումներ հանքի շահագործման նախագծի վերաբերյալ, մինչդեռ Ենգիբարյանը հավաստիացնում է, որ լսումների մասին ընդհանրապես հայտարարություն չի եղել ոչ տեղական հեռուստաալիքով, ոչ էլ տեղական թերթում:

<<Օրենքով սահմանվում է, որ լսումների մասին հայտարարությունն արվի մեկնարկից մի քանի օր առաջ: Բայց մենք այդ մասին տեղեկացանք ուղղակի ծանոթներից, երբ լսումներն արդեն ավարտվել էին>>,- ասում է Ենգիբարյանը:  Նույնքան դժվար էր գտնել <<Նագին>> ընկերությունը: Բնապահպանության նախարարություն ներկայացրած նախագծի փաթեթում նշված հասցեն և հեռախոսահամարը մեզ տարան <<Լեռնամետալուրգիաի ինստիտուտ>> ՓԲԸ, որն էլ հաճախ նման նախագծերի բնապահպանական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում: Բայց այնտեղ ոչ ոք <<Նագինի>> մասին չէր էլ լսել: Գաղտնի աղբյուրները տեղեկացնում են, որ այդ անհայտ <<Նագին>> ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին` մի մեղադրանք, որը նա բազմիցս հրաժարվել է մեկնաբանել:

Մինչ գաղտնի գործընթացը արագ թափով առաջ է շարժվում, բնապահպանները բարձրաձայնում են դրա վտանգների մասին:

ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի գիտաշխատողներն ասում են, որ քաղաքին այդքան մոտ հանքի շահագործումը լրջորեն կվնասի շրջակա միջավայրը: Կենտրոնի ներկայացրած եզրակացության մեջ ասված է.<<Երկաթի հանքաքարը սովորաբար պարունակում է այլ մետաղներ, ներառյալ` պղինձ, քրոմ, սելենիում, մկնդեղ, և եթե սկսվի հանքարդյունահանումը, այն վտանգավոր աղտոտումների պատճառ կդառնա` սպառնալով Հրազդանի շրջակայքին>>: 

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ նրանք առանձնակիորեն մտահոգված են օդի թունավորման հավանականությամբ:

<<Ցանկացած մետաղի հանքաքարի արդյունահանման ժամանակ առաջացած փոշին կարող է ի հայտ բերել լուրջ շնչառական հիվանդություններ: Փոշու մասնիկները հատկապես վտանգավոր են ասթմայից և թոքերի հիվանդություններից տառապող մարդկանց համար>>,- ասված է զեկույցում:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Կարո Թումոյանը <<Այս ամսին>> ասել է, որ տեղական իշխանությունները լիովին շրջանցվել են:

<<Կանոնները փոխվել են. եթե նախկինում մարզպետարանի համաձայնությունը հանքերի շահագործման համար պարտադիր էր, ապա վերջին տարիներին արտոնագրերը տրամադրվում են առանց մարզպետարանի կարծիքը հաշվի առնելու,- ասում է Թումոյանը: – Մարզպետարանն այս գործընթացի նկատմամբ լծակներ չունի>>:

60 հազար բնակչություն ունեցող քաղաքի Էկոլոգիական խնդիրներն ահռելի են, անգամ առանց հանքարդյունահանման գործարանի:

Հրազդանի բնակիչ Անուշ Վարդանյանը իր դոկտորական ատենախոսութ¬յունը նվիրել է շրջակա միջավայրի և մարդկանց վրա արդյունաբերական արտանետումների ունեցած ազդեցությանը: Հիմնվելով  ուսումնասիրությունների վրա բացատրում է, որ Հրազդանի շրջակայքում ապրող բնակչության մեծ մասը տառապում է շնչառական հիվանդություններից սկսած 1970-ականներից, երբ գործարկվեց ցեմենտի գործարանը:

<<Եթե երկաթի հանքաքարը արդյունահանվի, տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց շարքը կհամալրեն նաև քաղցկեղով հիվանդները, քանզի մետաղի փոշին ավելի կայուն է, և, մեկ անգամ օրգանիզմ թափանցելով` առաջացնում է փոփոխություններ բջջային մակարդակում>>,- ասում է Վարդանյանը:

Հակոբյան կենտրոնի գլխավոր գիտաշխատող և հաշվետվության համահեղինակ Թոմաս Լայմընն ասում է, որ սեփական փորձից գիտի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երկաթի արդյունահանումը քաղաքի վրա:

<<Ես ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգից եմ: Բուտ քաղաքը, որը ժամանակին հայտնի էր որպես աշխարհում ամենահարուստ սարը և պղնձի ամենամեծ հանքավայրն էր, այսօր այնքան աղտոտված է, որ համարվում է ամենամեծ, ամենավտանգավոր ու թունավոր տարածքներից մեկը,- ասում է Լայմընը: – Բուտի շրջակա գետերը, առուները, հողը և անտառներն այնքան աղտոտված են, որոշ տարածքներ ցանկապատված են` արգելելով մարդկանց մուտքը>>:

<<Ես չէի ցանկանա տեսնել Հրազդանը նույն վիճակում,- ասում է նա: – Ինձ մտահոգում է այս նախագիծը և այն հնարավոր վնասը, որը կարող է պատճառել շրջակա միջավայրին և մարդկանց>>:

Հրազդան քաղաքը պարուրած կանաչապատ այս բլուրը շուտով կվերածվի հանքի, իսկ մոտակայքում նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերական գործարան:

Անի Մաթևոսյան <<Այս ամիս>>




Past Issues

Recent Articles