03
Jul
09

Հուլիս 09: Աղբի խնդիր. աղբավայրերը ոչ միայն տգեղ են, այլեւ վտանգավոր առողջության համար

Երևանի Նուբարաշեն համայնքի աղբանոց

Երևանի Նուբարաշեն համայնքի աղբանոց

 

Երևանի Նուբարաշեն համայնքի այս սարսափազդու սարն օրեցօր մեծանում է, չնայած ցուցանակն արգելում է և սպառնում աղբ թափողներին տուգանել 50000 դրամով:

Երևանի Նուբարաշեն համայնքի այս սարսափազդու սարն օրեցօր մեծանում է, չնայած ցուցանակն արգելում է և սպառնում աղբ թափողներին տուգանել 50000 դրամով:

<<Ավարայր>> տուրիստական ընկերության  ղեկավար Արկադի Սահակյանի համար այսօր գերխնդիր է դարձել ոչ թե գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր գտնելը, այլ փորձել զբոսաշրջիկների աչքից թաքցնել գեղատեսիլ լանջերի, գետերի և նույնիսկ պետության կողմից պահպանվող արգելոցների աղբը:

<<Ամբողջ Հայաստանն աղբանոց է դարձել,- ասաց նա: – Մենք վարժվել ենք սրան, և սա մեզ դուր չի գալիս: Բայց եթե հյուրեր ունենայիք ձեր տանը, և ողջ հատակը ծածկված լիներ աղբով, դուք անհարմար չէիք զգա>>:

Եկեք ընդունենք. Հայաստանը գեղեցիկ երկիր է, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը օրեցօր մեծացող աղբակույտի ներքո: Հայերն ամեն տարի 1,05 միլիոն տոննա (այո, միլիոն տոննա) աղբ են նետում այդ նպատակով չառանձնացված, չմշակվող աղբանոցներում կամ մոտակա ձորերը: Դա նշանակում է 350 կիլոգրամ աղբ յուրաքանչյուր շնչին, ինչպես հաշվարկել են <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>>ՀԿ մասնագետները:

Սա ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր. 70 տարբեր վտանգավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել ամեն ինչ` քաղցկեղից մինչև ասթմա, արտանետվում են օդի մեջ, երբ աղբը, հատկապես պլաստմասսայե իրերը, այրվում են: Այնպիսի վտանգավոր թափոնների թաղումը, ինչպիսին է արգելված ԴԴՏ թունաքիմիկատը, իրականում նշանակում է, որ այս նյութը ներթափանցում է մեր ջրի պաշարների, ընտանի կենդանիների ու մեր սեփական օրգանիզմների մեջ (տե°ս <<Թունաքիմիկատները վնասակար ժառանգություն են թողել Արարատյան դաշտավայրում>>): Երկրի պաշտոնական աղբանոցներից և ոչ մեկը ոչ Նուբարաշենինը և ոչ էլ Աջափնյակինը, չունեն թափոնները վերամշակելու որևէ մեխանիզմ:

<<Ոչ մի աղբանոց չի համապատասխանում սանիտարական նվազագույն պահանջներին: Այստեղ նրանք պարզապես լցնում են աղբը և կարծում, թե գործն արված է>>,- ասում է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ փորձագետ, բժշկուհի Լիլիկ Սիմոնյանը, որը կատարել է մի շարք ուսումնասիրություններ հետազոտելով աղբահանության և թափոնների այրման սխալ մեթոդների ազդեցությունը մարդու առողջության վրա:

Ըստ Սիմոնյանի, որպես կանոն, աղբավայրերը տեխնիկապես հագեցած չեն, չեն կատարվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի նորմալ հողածածկում: Վերամշակվող թափոնների թղթի, ստվարաթղթի, պոլիէթիլենի տեսակավորումը կատարում են հիմնականում աղբ կրող բանվորները, ովքեր հետագայում դրանք հանձնում են թափոններ ընդունող ընկերություններ և գումար աշխատում: <<Աղբավայրերը պետք է բետոնից պատեր ունենան կամ տեղակայված լինեն այնպիսի տարածքներում, որոնք հնարավոր է լվանալ կամ մաքրել առանց շրջակա միջավայրը թունավորելու>>,- ասում է Սիմոնյանը: 

Մինչև այժմ անհնար է եղել համոզել կառավարությանը ներդրումներ կատարել կամ կառուցել կարգին աղբամշակման գործարան կամ աղբանոց: Քաղաքապետարանն է պարտավոր իրականացնել և կազմակերպել թե° աղբահանության և թե° աղբավայրերի շահագործման խնդիրները: Այնուամենայնիվ, էկոլոգիապես անվնաս աղբանոցի կառուցման ծախսերը հսկայական են, և շատ քաղաքներ, նույնիսկ մեծ բյուջե ունեցող Երևանի քաղաքապետարանը, ի վիճակի չեն կառուցելու իրենց համար աղբամշակման գործարան կամ պատշաճ աղբանոց:

<<Մեր հնարավորությունները բավական սահմանափակ են և չեն ներում միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայր կառուցելու համար,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը: – Մեր լավագույն տարբերակը մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն են, որոնք ոչ միայն կվերամշակեն թափոնները, այլ նաև նորմալ աղբավայրեր կկառուցեն>>:

Բայց կառավարության քայլերն այդ ուղղությամբ կրիայի տեմպերով են առաջ գնում: Ութ տարի տևեցին ճապոնական <<Շիմիձու>> ընկերության հետ բանակցությունները, որը ցանկանում էր աղբի վերամշակման գործարան կառուցել: Գործարքը վերջապես ստորագրվեց մարտին, բայց <<Շիմիձուն>> չի ստանձնել աղբավայրի վերակառուցման պարտավորություն, այն միայն նախատեսում է ծածկել հինը:

<<Աղբավայրերի շահագործման համար մենք դեռ փորձում ենք նոր օպերատոր գտնել, ինչը, հավանաբար, կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին>>,- ասում է Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

Այս ոլորտում դանդաղկոտության պատճառը, բնապահպանների կարծիքով, որոշ հայ գործարարների շահերն են, որոնք չնչին գումարներով թափառաշրջիկներից գնում են իրենց անհրաժեշտ թափոնները:

<<Ենթադրում եմ, որ պայմանագրի ստորագրումը որոշ գործարարների բիզնեսին էր խփում, որոնք հավաքում են պլաստմասսայե դատարկ շշերն ու օգտագործում ինչոր բիզնեսի մեջ,- ասում է <<Հանուն մարդկային կայուն զարգացման>> ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանը: – Իսկ եթե աղբանոցը սեփականաշնորհված լինի, ապա նրանք ստիպված կլինեն վճարել աղբանոց մուտք գործելու համար>>:

Մինչ կառավարությունը լուծումներ կգտնի, որոշ մասնավոր ձեռնարկություններ արդեն իսկ սկսել են գործել:

<<ՊոլիՍերվ ընկերության տնօրեն և հիմնադիր Յուրի Սահակյանն այս ոլորտում նոր մոտեցում է առաջարկում: Նա օգտագործում է հին սառնարանների, լվացքի մեքենաների, հեռախոսների և կոշիկների կրունկների պլաստմասսայե հատվածները շինանյութ պատրաստելու համար:

Սահակյանն ասում է, որ ավելի քան տասը տարվա ընթացքում Աբովյան քաղաքում հիմնադրած իր ձեռնարկությունն առաջար¬կում է մոտ 100 ապրանքատեսակ:

Գործարանն ամսական օգտագործում է 5-10 տոննա հումք, որի մի մասը կազմում և ստացվում է հին պլաստմասսայե իրերից: Գործարարը նաև նախատեսում է ներդնել պլաստմասսայե շշեր և փաթեթներ վերամշակելու տեխնոլոգիաներ:

<<Մենք հումքը գնում ենք այն մարդկանցից, ովքեր հավաքում են դրանք աղբավայրերից կամ փողոցներից: Մեկ կիլոգրամի դիմաց վճարում եմ մեկ դոլար: Վերամշակումն օգնում է ինձ գումար խնայել, քանի որ նորմալ հումքի մեկ կիլոգրամն արժե մոտավորապես երկու դոլար>>,- ասում է նա:

Էդգար Ամիրանյան

<<Անկախ>> շաբաթաթերթ


1 Response to “Հուլիս 09: Աղբի խնդիր. աղբավայրերը ոչ միայն տգեղ են, այլեւ վտանգավոր առողջության համար”



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Past Issues

Recent Articles


Follow

Get every new post delivered to your Inbox.