03
Jul
09

Հուլիս 09: Թունաքիմիկատները վնասակար ժառանգություն են թողել Արարատյան դաշտավայրում

<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ բժիշկ և փորձաետ Լիլիկ Սիմոնյանը մտահոգված էր, բայց ոչ զարմացած, երբ ուսումնասիրությամբ պարզվեց, որ Արարատյան դաշտավայրի գյուղերում հետազոտված բոլոր 70 կանանց կրծքի կաթում առկա է ԴԴՏ թունաքիմիկատը: Պատկերը նույնն էր նաև Կոտայքի մարզում. մեծապես թունավոր և արգելված այս թունաքիմիկատը հայտնաբերվել է նաև Աբովյանի ծննդատներից մեկում հետազոտված բոլոր կանանց մոտ:

Արդյունքները տագնապահարույց են, բայց, դժբախտաբար, նաև կանխատեսելի:

Հայաստանը սնող Արարատյան բարեբեր դաշտավայրում առատ են նաև ԴԴՏ-ի հետքերը: Այս թունաքիմիկատն արգելվել է Հայաստանում 1970-ականներին, բայց մասնագետները փաստում են, որ այն դեռ այսօր էլ օգտագործվում է: Լինելով կայուն միացություն տասնամյակներ առաջ օգտագործված թունաքիմիկատը, չկորցնելով իր վտանգավոր ազդեցությունը, թափանցում է ջրի, հողի, կենդանիների և նույնիսկ մարդու օրգանիզմի մեջ:

<<ԴԴՏ-ի հետևանքների վերացման ամենամեծ խնդիրն այն է, որ այն իր ազդեցությունը պահպանում է տասնամյակներ,- ասում է Սիմոնյանը: – Նույնիսկ եթե մարդիկ դադարել են այն օգտագործել 1970-ականներին, այն դեռ կլինի նրանց օրգանիզմներում 40 տարի անց: Բայց մենք փաստեր ունենք, որ այսօր էլ անօրինական կերպով այն դեռ օգտագործվում է>>:

ԴԴՏ-ն մշակվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին որպես ոջիլասպան և միջատասպան միջոց և 1950-ականներից լայնորեն կիրառվել  ԱՄՆ-ում, բազմաթիվ եվրոպական երկրներում ու նաև Հայաստանում: Արգելքը դրվեց ԱՄՆ-ում 1972 թ. այն բանից հետո, երբ գիտնականները հայտնաբերեցին, որ թունաքիմիկատի հետևանքով վերացման եզրին են հայտնվել ճերմակագլուխ արծիվն ու սապսանը, քանի որ այն թուլացնում էր թռչնի ձվերի կեղևը, որի հետևանքով դրանք ժամանակից շուտ էին ճաքում: Փորձակենդանիների վրա կատարված լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ԴԴՏ-ը կարող է առաջացնել քաղցկեղ և այլ առողջական խնդիրներ, հղիների մոտ առաջացնել վաղաժամ և անքաշ երեխաների ծնունդ:

Միջազգային գիտական շրջանակներում մինչ օրս բանավիճում են, թե ԴԴՏ-ն ավելի շատ վնաս է տվել, թե օգուտ: Շատ գիտնականներ պնդում են, որ միայն ԴԴՏ-ի միջոցով է հնարավոր պայքարել մալարիայի մոծակի դեմ, և թունաքիմիկատի արգելքը հանգեցրել է ողջ աշխարհում մալարիայից մահվան դեպքերի ավելացմանը: 2006 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխեց ԴԴՏ-ն արգելող իր խիստ քաղաքականությունը խորհուրդ տալով Աֆրիկայում և մալարիայի հետ կապված խնդիրներ ունեցող այլ երկրներում օգտագործել այդ թունաքիմիկատը:

Մասնագետները վստահ են, որ ԴԴՏ-ի օգտագործման արգելքից հետո էլ տարիներ, նույնիսկ տասնամյակներ անց այն պահպանվում է հողում, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում:

Մասնագետները չգիտեն, թե իրականում ինչպիսին է իրավիճակը Հայաստանում ժամկետանց թունավոր նյութերի առումով: Չգիտեն նաև, թե քանի գյուղացի է ԴԴՏ օգտագործում: 1997-ից Հայաստան ներկրված ժամկետանց թունաքիմիկատների վերջնական հաշվառումը գյուղատնտեսության նախարարությունը խիստ անհրաժեշտ է համարում, սակայն միևնույն ժամանակ անհնար: Նախարարությունում նախատեսում են հանդես գալ հայտարարությամբ, որ ժամկետանց թունաքիմիկատներ ունեցողները հանձնեն և փոխարենը ստանան որակյալը: Սակայն դրան կհաջորդի մեկ այլ, էլ ավելի ծանր գործ ինչպես պահպանել կամ ինչ միջոցներով վերացնել հավաքված ժամկետանց այդ թունաքիմիկատները:

Սիմոնյանն ասում է, որ ԴԴՏ-ի ամենամեծ քանակը գրանցվել է Արարատյան դաշտավայրում և հատկապես Արարատի մարզում: Այնտեղ թունաքիմիկատը գտնվել է թե  հողի, թե կենդանական ծագման սննդամթերքի մեջ: Ըստ Սիմոնյանի, պատճառը թունաքիմիկատի լայնորեն կիրառումն է այդ շրջաններում: Կազմակերպությունն անգամ մի քանի տարի առաջ ԴԴՏ գտավ թունաքիմիկատների խանութներից մեկում, սակայն նման դեպքեր հետագայում չեն արձանագրվել:

Արարատյան դաշտավայրի գյուղերում, ինչպիսիք են Արմավիրի մարզի Մարգարան, Ապագան, Ակնաշենը և Սև Ջուրը, ԴԴՏ է հայտնաբերվել թռչունների մոտ: Գիտնականներն արձանագրել են, որ արագիլների վերարտադրությունը ցածր է, և հնարավոր պատճառներից մեկը ԴԴՏ-ն է (կարդացեք <<Գյուղացի>> գիտաշխատողները օգնում են հետևելու արագիլներին և շրջակա միջավայրին):

Մեկ այլ պոտենցիալ վտանգ ներկայացնող տարածք է Երևանի Էրեբունի համայնքը, որտեղ գտնվում է ժամկետանց ԴԴՏ-ի և այլ թունաքիմիկատների գերեզմանոցը. թունաքիմիկատները թաղվել են 1982-ին <<Հայաստանի գյուղատնտեսական քիմիա>> պետական ձեռնարկության կողմից, իսկ այդ ժամանակից ի վեր տարածքում մի քանի անգամ սողանքներ են եղել:

<<Ոչնչացման մեխանիզմներ չկան, և բարդ տեխնոլոգիաներ են պահանջվում: Այս պահին չենք կարողանում լուծում գտնել, իսկ պետությունը բավարար միջոցներ չունի: Այդ ամենը բարձիթողի վիճակում է>>,- ասում է գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը:

Շրջակա միջավայրի մասնագետներն ահազանգում են, որ թունաքիմիկատների գերեզմանոցում խնդիրները լրջանում են: <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ն ուսումնասիրել է գերեզմանոցի տարածքի շրջակա հողերը և բացահայտել, որ թունաքիմիկատների, հատկապես ԴԴՏ-ի և այլ կայուն և վտանգավոր միացությունների պարունակությունը մի քանի հարյուր անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:

Ներկայումս թունաքիմիկատների գերեզմանոցը վերացնելու համար Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցով 2,5 մլն եվրո է հատկացրել: Իրավիճակի գնահատումից հետո ծրագիրը կիրականացվի: Ըստ Եսայանի, թունաքիմիկատները նախ պետք է հանվեն գերեզմանոցից, փաթեթավորվեն և ապա միայն ոչնչացվեն:

<<Բնակավայրերը մոտեցել են այդ գերեզմանոցին, այսինքն ամեն րոպե կարող է թունանյութն անցնել խմելու ջրի, հողի մեջ և թափանցել մարդու օրգանիզմ: Մի խոսքով դա մի վտանգավոր ռումբ է, որը դրված է Երևանին շատ մոտ>>,- ասում է Եսայանը:

 Երևանի մերձակայքում գտնվող թունաքիմիկատների այս կիսաքանդ գերեզմանոցը դանդաղ գործողության ռումբ է բնակիչների համար. տասնյակ տարիներ իրենց վտանգավոր ազդեցությունը պահպանած թունաքիմիկատները սողանքների միջոցով մի օր կհայտնվեն խմելու կամ ոռոգման ջրերի մեջ, հետևաբար նաև մարդկանց օրգանիզմում:

Հասմիկ Համբարձումյան

Panorama.am


1 Response to “Հուլիս 09: Թունաքիմիկատները վնասակար ժառանգություն են թողել Արարատյան դաշտավայրում”



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Past Issues

Recent Articles


Follow

Get every new post delivered to your Inbox.