03
Jul
09

Հուլիս 09: Հրազդանին սպառնում է բնապահպանական աղետ. Մետաղամշակման նոր գործարանը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել

Հրազդան քաղաքը պարուրած կանաչապատ այս բլուրը շուտով կվերածվի հանքի, իսկ մոտակայքում նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերական գործարան:

Հրազդան քաղաքը պարուրած կանաչապատ այս բլուրը շուտով կվերածվի հանքի, իսկ մոտակայքում նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերական գործարան:

Հրազդան քաղաքը կիսալուսնի նման շրջապատած սարը հիմա ծածկված է կանաչ խոտով և վայրի ծաղիկներով: Բայց այդ բլրի վրա` Հրազդանից 2 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա, երեք դպրոցների և բնակելի շենքերի մոտ նախատեսվում է կառուցել մետաղամշակման գործարան: Արդեն հաստատված նախագիծը հարուցել է բնապահպանների լուրջ մտավախությունը, որ ծանր մետաղների մշակման հետևանքով օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել քաղցկեղ, ծանր շնչառական խնդիրներ, ինչպես նաև աղտոտել մի քանի քաղաքներ սնուցող խմելու ջրի պաշարները: Ավելին` հանքի շահագործման հետևանքով արտազատված քիմիական տարրերը տասնյակ տարիներ պահպանվում են հողի մեջ և մարդու օրգանիզմում:

<<Խնդիրն այն է, որ այս հանքավայրը բաց է, և քամու միջոցով այդ ծանր մետաղները կարող են տարածվել,- ասում է Հրազդանում <<Օրհուս>> բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը: – Բացի այդ, այս հանքավայրի տակով են անցնում Հրազդան, Աբովյան և Գագարին քաղաքների խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները, որոնք կարող են թունավորվել>>:

Ըստ Ենգիբարյանի` առայժմ պարզ չէ, թե երբ է <<Նագին>> ՍՊԸ-ն կառուցելու մետաղամշակման գործարանը: Նա հունիսի սկզբին այս հարցով դիմել է բնապահպանության նախարար Արա Հարությունյանին, որը խուսափել է պատասխանից. <<Դեռ պարզ չէ, երբ մենք իմանանք, ձեզ էլ կասենք>>:

Մտահոգիչ է սակայն, որ գործընթացի մեծ մասը գաղտնի է պահվում: Նախարարության կայքում հրապարակվել է տվյալ ծրագրի ուսումնասիրությունը: Բայց բեռնվում են միայն 90 էջանոց հետազոտության  առաջին 48 էջերը, որոնք նվիրված են Հրազդան քաղաքի ընդհանուր նկարագրությանը: Իսկ այն էջերից, որոնցից սկսվում է շրջակա միջավայրի վրա հանքավայրի և գործարանի ազդեցության գնահատման  բաժինը, հետազոտությունն այլևս չի բեռնվում: Նախարարությունն անտեսել է նաև <<Այս ամիս>> ներդիրի լրագրողի բազմաթիվ խնդրանքները` տրամադրել փաստաթուղթն ամբողջությամբ:

Բնապահպանության նախարարությունից պնդում են, որ փետրվարին Հրազդանում կազմակերպվել են հանրային լսումներ հանքի շահագործման նախագծի վերաբերյալ, մինչդեռ Ենգիբարյանը հավաստիացնում է, որ լսումների մասին ընդհանրապես հայտարարություն չի եղել ոչ տեղական հեռուստաալիքով, ոչ էլ տեղական թերթում:

<<Օրենքով սահմանվում է, որ լսումների մասին հայտարարությունն արվի մեկնարկից մի քանի օր առաջ: Բայց մենք այդ մասին տեղեկացանք ուղղակի ծանոթներից, երբ լսումներն արդեն ավարտվել էին>>,- ասում է Ենգիբարյանը:  Նույնքան դժվար էր գտնել <<Նագին>> ընկերությունը: Բնապահպանության նախարարություն ներկայացրած նախագծի փաթեթում նշված հասցեն և հեռախոսահամարը մեզ տարան <<Լեռնամետալուրգիաի ինստիտուտ>> ՓԲԸ, որն էլ հաճախ նման նախագծերի բնապահպանական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում: Բայց այնտեղ ոչ ոք <<Նագինի>> մասին չէր էլ լսել: Գաղտնի աղբյուրները տեղեկացնում են, որ այդ անհայտ <<Նագին>> ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին` մի մեղադրանք, որը նա բազմիցս հրաժարվել է մեկնաբանել:

Մինչ գաղտնի գործընթացը արագ թափով առաջ է շարժվում, բնապահպանները բարձրաձայնում են դրա վտանգների մասին:

ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի գիտաշխատողներն ասում են, որ քաղաքին այդքան մոտ հանքի շահագործումը լրջորեն կվնասի շրջակա միջավայրը: Կենտրոնի ներկայացրած եզրակացության մեջ ասված է.<<Երկաթի հանքաքարը սովորաբար պարունակում է այլ մետաղներ, ներառյալ` պղինձ, քրոմ, սելենիում, մկնդեղ, և եթե սկսվի հանքարդյունահանումը, այն վտանգավոր աղտոտումների պատճառ կդառնա` սպառնալով Հրազդանի շրջակայքին>>: 

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ նրանք առանձնակիորեն մտահոգված են օդի թունավորման հավանականությամբ:

<<Ցանկացած մետաղի հանքաքարի արդյունահանման ժամանակ առաջացած փոշին կարող է ի հայտ բերել լուրջ շնչառական հիվանդություններ: Փոշու մասնիկները հատկապես վտանգավոր են ասթմայից և թոքերի հիվանդություններից տառապող մարդկանց համար>>,- ասված է զեկույցում:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Կարո Թումոյանը <<Այս ամսին>> ասել է, որ տեղական իշխանությունները լիովին շրջանցվել են:

<<Կանոնները փոխվել են. եթե նախկինում մարզպետարանի համաձայնությունը հանքերի շահագործման համար պարտադիր էր, ապա վերջին տարիներին արտոնագրերը տրամադրվում են առանց մարզպետարանի կարծիքը հաշվի առնելու,- ասում է Թումոյանը: – Մարզպետարանն այս գործընթացի նկատմամբ լծակներ չունի>>:

60 հազար բնակչություն ունեցող քաղաքի Էկոլոգիական խնդիրներն ահռելի են, անգամ առանց հանքարդյունահանման գործարանի:

Հրազդանի բնակիչ Անուշ Վարդանյանը իր դոկտորական ատենախոսութ¬յունը նվիրել է շրջակա միջավայրի և մարդկանց վրա արդյունաբերական արտանետումների ունեցած ազդեցությանը: Հիմնվելով  ուսումնասիրությունների վրա բացատրում է, որ Հրազդանի շրջակայքում ապրող բնակչության մեծ մասը տառապում է շնչառական հիվանդություններից սկսած 1970-ականներից, երբ գործարկվեց ցեմենտի գործարանը:

<<Եթե երկաթի հանքաքարը արդյունահանվի, տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց շարքը կհամալրեն նաև քաղցկեղով հիվանդները, քանզի մետաղի փոշին ավելի կայուն է, և, մեկ անգամ օրգանիզմ թափանցելով` առաջացնում է փոփոխություններ բջջային մակարդակում>>,- ասում է Վարդանյանը:

Հակոբյան կենտրոնի գլխավոր գիտաշխատող և հաշվետվության համահեղինակ Թոմաս Լայմընն ասում է, որ սեփական փորձից գիտի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երկաթի արդյունահանումը քաղաքի վրա:

<<Ես ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգից եմ: Բուտ քաղաքը, որը ժամանակին հայտնի էր որպես աշխարհում ամենահարուստ սարը և պղնձի ամենամեծ հանքավայրն էր, այսօր այնքան աղտոտված է, որ համարվում է ամենամեծ, ամենավտանգավոր ու թունավոր տարածքներից մեկը,- ասում է Լայմընը: – Բուտի շրջակա գետերը, առուները, հողը և անտառներն այնքան աղտոտված են, որոշ տարածքներ ցանկապատված են` արգելելով մարդկանց մուտքը>>:

<<Ես չէի ցանկանա տեսնել Հրազդանը նույն վիճակում,- ասում է նա: – Ինձ մտահոգում է այս նախագիծը և այն հնարավոր վնասը, որը կարող է պատճառել շրջակա միջավայրին և մարդկանց>>:

Հրազդան քաղաքը պարուրած կանաչապատ այս բլուրը շուտով կվերածվի հանքի, իսկ մոտակայքում նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերական գործարան:

Անի Մաթևոսյան <<Այս ամիս>>


1 Response to “Հուլիս 09: Հրազդանին սպառնում է բնապահպանական աղետ. Մետաղամշակման նոր գործարանը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել”



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Past Issues

Recent Articles


Follow

Get every new post delivered to your Inbox.