ԱՐԳԵԼԵՔ ՊՈԼԻէԹԻԼԵՆԵ (ցելոֆանե) ՏՈՊՐԱԿՆԵՐԸ
Ամենապարզ միջոցը, որ կարող են կիրառել հայաստանցիներն իրենց շրջակա միջավայրը մաքրելու և աղբի քանակը կրճատելու համար, պոլիԷթիլենե տոպրակներից ՀՐԱԺԱՐՎԵԼՆ Է: Պարզապես պետք է գիտակցել, որ հենց դրանք են աղտոտում քաղաքը քամուց թռչելով բաց աղբավայրերից ու տարածվելով քաղաքով մեկ: Ելքը մեկն է. պետք է ուղղակի կիրառել բազմակի օգտագործման կտորի տոպրակներ: Ողջ աշխարհում մեծ թափ է առնում պոլիԷթիլենե տոպրակներն արգելող շարժում: Թեև դրանք թեթև են և աղբավայրերում մեծ տարածք չեն զբաղեցնում, բայց միկրոօրգանիզմների ազդեցությամբ չեն քայքայվում, հետևաբար դրանք հարատև են: Մեր առօրյայի անբաժանելի մասը դարձած այդ պոլիԷթիլենե տոպրակները կարող են նաև վնասել փխրուն էկոհամակարգերը, քանի որ հողի մեջ չեն քայքայվում, բայց իրենց վնասակար ազդեցությամբ սպանում են բազմաթիվ բույսեր և կենդանիներ, իսկ այրելիս արտազատում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել:
Սա է պատճառը, որ որոշ երկրներում արմատական փոփոխությունների են անցել. Հարավային Աֆրիկայից, Քենիայից մինչև Հնդկաստան և Նյու Յորք ամենուր ապօրինի է համարվում պոլիԷթիլենե տոպրակների կիրառությունը, իսկ դրանք կիրառող կամ տարածող գործարարները հսկայական տույժ ու տուգանքների են ենթարկվում:
Ինչպես նշվում է <<Նյու Յորք թայմզում>> վերջերս հրապարակված մի հոդվածում, երբ Իռլանդիան 2002 թ. ներմուծեց Plastax-ը պոլիԷթիլենե տոպրակների համար վճարվող հարկը, ըստ որի գնորդները պարտավորվում էին վճարել 33 սենթ յուրաքանչյուր տոպրակի համար, մի քանի շաբաթվա ընթացքում այդ տոպրակների կիրառությունը նվազեց 94 տոկոսով, իսկ այսօր Իռլանդիայի քաղաքների փողոցներում բառացիորեն բացակայում են պոլիԷթիլենե տոպրակները: Նույնը եղավ Թայվանում, որտեղ ռեստորաններին պարտադրեցին պլաստմասսայե դանակպատառաքաղների և պոլիԷթիլենետոպրակների համար գումար գանձել. դրանց կիրառությունն անմիջապես նվազեց 70 տոկոսով: Այսպիսով, ինչու չվերադառնալ կտորից տոպրակներին մեր տատերը դա էին օգտագործում, և գուցե շատերն էլ դեռ ապավինում են իրենց կտորե տոպրակներին, իսկ միթե դուք չեք կարող:
Եվս երեք խորհուրդ կենցաղային աղբի քանակի նվազեցման համար
Խոհանոցային մնացորդները դարձրեք պարարտանյութ. բանանի կեղևը, մրգերի, բանջարեղենի մնացորդներն ու կեղևը, ձվի կճեպները կարող են դառնալ հիանալի պարարտանյութ այգիների, ինչպես նաև սենյակային բույսերի հողի համար: Պարզապես պահեք դրանք խոհանոցում մի տարայի մեջ, հետո խառնեք դրսում խոտի, ճյուղերի, տերևների և նույնիսկ թղթի հետ:
Խուսափեք պլաստմասսայե իրերից. պլաստմասսան ստացվում է գազից և նավթից: Մի օգտագործեք ստիրոֆոմ պենոպլաստ: Այն հնարավոր չէ բազմակի օգտագործել և միկրոօրգանիզմների ազդեցությամբ չի քայքայվում: Հեղուկները ևս չպետք է պահել պլաստմասսայե շշերում:
www.freecycle.org. Վեց տարի առաջ մի խումբ ամերիկացիներ, որոնք ցանկանում էին իրենց ոչ անհրաժեշտ իրերը նվիրել ուրիշներին, ստեղծեցին ինտերնետային այս ցանցը, որտեղ տեղադրվում են հայտարարություններ ոչ պիտանի իրերի մասին, որոնք տրվում են անվճար կամ փոխանակվում են: Այդ ժամանակից ի վեր freecycle.org-ը ունի էլեկտրոնային փոստի ցուցակներ 85 երկրներում և ծառայում է հազարավոր խմբերի և միլիոնավոր անդամների: Կայքի կառավարիչներն ասում են, որ նրանք ամեն օր 500 տոննա իր են փրկում աղբանոցում հայտնվելուց: Նման կայքի հայկական տարբերակը չկա, բայց ճիշտ ժամանակն է ստեղծելու:
Երևանի Նուբարաշեն համայնքի աղբի այս սարսափազդու սարն օրեցօր մեծանում է, չնայած ցուցանակն արգելում է և սպառնում աղբ թափողներին տուգանել 50000 դրամով:
Ի վերջո, երբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն այս հակասանիտարական վիճակին վերջ տալու ուղղությամբ:
1 Response to “Հուլիս 09: Չորս խորհուրդ աղբի նվազեցման համար”