09
Jul
09

Հուլիս 09: Թվում է, թե այս օրերին Երևանում շնչելն ավելի է դժվարացել

Դա ձեզ չի թվում, այլ հենց այդպես է: Հայաստանի գլխավոր ալերգաբան Վարդան Ակունցը նկատել է, որ վերջին տարիներին ալերգիաների թիվն աճել է, իսկ ընթացքը` ավելի բարդացել: Բժշկի դիտարկմամբ` դրա հիմնական պատճառը ավտոմեքենաների արտանետումներն են, որոնց թիվը Երևանի փողոցներում օրեցօր ավելանում է:

 Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության տվյալների համաձայն` Հայաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության 90 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտային միջոցներին `ավտոմեքենաներին, տաքսիներին, երթուղային տաքսիներին և ավտոբուսներին: Իրականում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 99 տոկոսով, ինչպես պնդում է քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

 Մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների արտանետումների 9 տոկոսով կրճատումը քաղաքապետարանում պայմանավորում են 2006-08-ին Երևանում տրանսպորտային նոր հանգույցների` մետրոյի «Բարեկամություն»  կայարանի մոտ էստակադի, Հերացու և Խանջյան փողոցների ստորգետնյա անցումների,  ինչպես նաև 2008-ից իրականացվող ակտիվ կանաչապատմամբ:

 ՀՀ ոստիկանության տվյալներով` 2009 թ. մայիսի վերջին Հայաստանում գրանցված էր 400 հազար տրանսպորտային միջոց:

 Երևանում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի տվյալներով` ներմուծված փոխադրամիջոցների 55 տոկոսը  շահագործվում է Երևանում:

 Իսկ մեքենաների թիվը, 2000 թվականից սկսած, աճում է բավական արագ` վերջին տարիներին արձանագրելով աննախադեպ տեմպեր. այսպես, 2006 թ. Հայաստանում կար 300 000 մեքենա, 2009-ին այդ թիվն արդեն 400 000 է:

 Ավտոմեքենաները հիմնականում արտանետում են ածխածնի մոնօքսիդ, որը դժվարացնում է շնչառությունը: Օդում ածխածնի մոնօքսիդի թույլատրելի քանակությունը 3 միլիգրամն է մեկ խորանարդ մետրում: Երևանում այս տարվա մայիսի տվյալներով առավոտյան  ու երեկոյան պիկ ժամերին այս ցուցանիշը հասել է 2,5 մգ/խորանարդի, որը գրանցել են 2009-ից մայրաքաղաքում տեղադրված օդի աղտոտվածությունը չափող ավտոմատ երկու սարքերը:

 ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Բաղդասար Սենգարյանն ասում է, որ սա կարող է քաղցկեղի պատճառ դառնալ:

 «Սա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, նորմային մոտենալն արդեն իսկ ցավալի է, ու պետք է տագնապ հայտարարվի»,- ասում է նա:

 Սենգերյանը, սակայն, մեղմացնում է առողջապահական մտահոգությունները` հավաստիացնելով, որ ածխածնի մոնօքսիդը, թեթև գազ լինելով, արագ ցնդում է անգամ չնչին քամուց. «Իհարկե, անհարմար է, երբ փողոցում ծուխ է ու տհաճ հոտեր, բայց ածխածնի մոնօքսիդը առողջությանն էական վնաս չի կարող հասցնել»:

 Մինչդեռ բնապահպանական խնդիրներով ակտիվորեն զբաղվող «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հակառակն է պնդում. «Մեքենաներն անմիջապես մեր շնչառության օրգանների մակարդակին են գործում: Ցանկացած դեպքում, եթե դու փողոցով անցնում ես, ու խցանում է կամ մեքենաների կուտակում, կամ եթե ապրում ես բանուկ փողոցների մոտ գտնվող շենքերում, ածխածնի մոնօքսիդն ուղղակիորեն ազդում է օրգանիզմի վրա»:

 Մայրաքաղաքային իշխանությունները պնդում են, որ լուծումը փողոցները հեղեղած մասնավոր երթուղային տաքսիների և միկրոավտոբուսների քանակի նվազեցումն է, թեև այս փոխադրամիջոցների թիվը կրճատելու նրանց ծրագրերը, լավագույն դեպքում, հուսադրող չեն: Փետրվարին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ կնվազեցնի միկրոավտոբուսների քանակը` երկու տարում 3200-ից հասցնելով 650` հիմնականում երթուղայինները փոխարինելով հանրային ավտոբուսներով:

 Սակայն ներկայումս քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հրաժարվում է այդ պնդումից` ասելով, որ իրենք մինչև տարեվերջ կկրճատեն գործող 3200 միկրոավտոբուսների թիվը` հասցնելով ընդամենը 2450-ի:

 «Այսօր արդեն 500 մեքենա է կրճատվել` տեխնիկական պատճառներով: Նախատեսվում է նաև մրցույթների արդյունքում ունենալ գազել մակնիշի նոր մեքենաներ, քանի որ հին մեքենան ավելի շատ գազ է արտանետում, քան նորը: Մրցույթներին, համենայն դեպս, Ռաֆ մակնիշի ոչ մի մեքենա չի մնալու»,- հավաստիացնում է Նավասարդյանը:

 Ըստ Երևան քաղաքի բնապահպանական վարչության տեղեկատվության` քաղաքապետարանը փորձում է իրականացնել օդի որակը բարելավելու ևս մի լուծում` ավելի շատ տարածքներ կանաչապատելով:

 Ըստ բնապահպանության վարչության` 2008-ին մայրաքաղաքում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը 7,2 քմ էր` նախկին 4,9 քմ-ի փոխարեն: Մինչև 2020 թվականը քաղաքապետարանը նախատեսում է այս ցուցանիշը հասցնել մինչև 16 քմ` մեկ շնչին:

 Դանիելյանն այս ցուցանիշներին անվերապահորեն չի վերաբերվում. «Շատ տարածքներ համարվում են կանաչապատ, բայց եթե նայենք` հսկայական տարածք է, ընդամենը 1-2 ծառ: Հիմա միայն հեկտարներով են հաշվում, բայց մենք միշտ ասում ենք, որ պետք է նաև հաշվի առնել, թե որքան կենսազանգված ունի այդ տարածքը, քանի որ կենսազանգվածն է օդը մաքրում է ու թթվածին մատակարարում»:

 Ըստ համաշխարհային բնապահպանական զեկույցի (world ecological report)` միջազգայնորեն ընդունված ամենաբարձր չափանիշներով` մեկ շնչին հասնող կանաչ տարածքը պետք է լինի 24 քմ:

Սառա Խոջոյան

«ԱրմենիաՆաու» ինտերնետային թերթ


0 Responses to “Հուլիս 09: Թվում է, թե այս օրերին Երևանում շնչելն ավելի է դժվարացել”



  1. Leave a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Past Issues

Recent Articles


Follow

Get every new post delivered to your Inbox.